Լուսնահաչ

_Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ “ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:
Բայց լուսինը խոմ չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, –
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին”:

Ղազարոս Աղայան

Image_2831_0Մանկական հեքիաթ

Ատամը փոխած

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Գնա՜ս բարով
Հարյուր տարով…
Իսկ դու արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ նո՛ր ատամ.
Ես քեզ կըտամ
Հարյուր տարի
Հազար բարի-
Էլ ղավուրմա՜,
Էլ բաստուրմա՜,

Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
ԱՆունը տամ,
Ոսկի՜ ատամ

Սագ 
Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:

Աքաղաղ

Աքաղաղը կանչում է.
— Ծուղրուղու՜,
Ղու-ղու-ղու՜.
Պառավ նանը զարթնում է,
— Տա-տա-տա՜…
Պա-պա-պա՜…
Աքլա՛ր, ինչու՞ կանչեցիր,
Ինչու՞ նանին զարթնեցրիր.
Ա՜խ դու-դու՜,
Ա՜յ ջու-ջու՜:

Ա՜յ նանի, ջան նանի,
Մեզ մի վեր կացընի,
Թող մի քիչ էլ մնանք,
Քնից լավ կշտանանք:

Աքլարը շուտ է կանչում,
Աքլարը քեզ է խաբում,
Աքլա՛ր, ինչու՞ կանչեցիր,
Ինչու՞ նանին զարթեցրիր.
Ա՜խ դու-դու՜,
Ա՜յ ջու-ջու՜: